Զատիկ, Զատկի ավանդույթներ

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha, ), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցինայն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

 

Զատկի ավանդույթներ

 

Զատիկի սեղան, զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակները։

Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան։ Ուկրաինայի պես երկրներում նաև սովորություն է օգտվել մոմից և ներկից՝ նախշազարդ ձվեր ստեղծելու համար։

Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Պարսկահայերը սեղանին նաև ունենում են պասկա, որի շուրջն ափսեի մեջ են երբեմն շարվում ներկված ձվերը։ Բողոքական քրիստոնյաների մոտ ընդունված են նաև շոկոլադե ձվիկները։

Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Պարսկահայերը սեղանին ունենում են ծխացրած ձուկ, քուքու, փլավ, և երբեմն նաև սալորի խոռիշտ (շոգեխաշած սոուսի տեսակ), որը մեջ կարմիր միս չեն օգտագործում։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքիժամանակ։

Զատիկ կիրակի եկեղեցու բակում և նաև Զատկի շրջակա օրերին, մանուկները (և երբեմն էլ մեծերը) «հավկիթ են խաղում»։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկթին։ Հետո խաղը կրկնվում է նույն հավկիթների մյուս ծայրերով՝ բայց այս անգամ առաջինն է իջեցնողը և երկրորդը՝ պահողը։ Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն։ Եթե ամեն հավկթի մի ծայրն է կոտրվում, ապա մեկ անգամ ևս խաղում են հավկիթների անվնաս ծայրերով, որպեսզի որոշվի հաղթողը։

Write a comment

Comments: 0