Կենի

Հունիսի 3-6-ը մենք՝ մի խումբ սովորողներով և ուսուցիչներով անցկացրեցինք ուսումնական ճամբարում՝  Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում: Հիանալի ժամանակ անցկացրեցինք, արշավեցինք դեպի պատմական վանքեր, զբոսնեցինք անտառում , ծանոթացանք գյուղի երեխաների հետ: Նրանք շատ բարեհամբույր էին, մեզ ուղեկցեցին մինչև Աղավնավանք եկեղեցին: Ճանապարհին մեզ ցույց տվեցին Հայաստանում հազվադեպ հանդիպող կենի ծառը: Այն հանդիսանում է Դիլիջան ազգային անտառապարկի այն ծառատեսակներից, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Երբ որ վերադարձանք Երևան, ես հետաքրքրվեցի այդ ծառի մասին և ահա թե ինչ իմացա.

Աղավնավանքի կենու անտառուտը հնուց համարվում է սուրբ, և թույլ չէր տրվում այդտեղից ոչ միայն կենի կտրել, այլև՝ նրա շրջապատի ծառերը: Աղավնավանքում է գտնվում Հայաստանի ամենաբարձր կենին՝ 25մ: Կենու փայտը գորշակարմրավուն է (այստեղից էլ նրա ժողովրդական անվանումը՝ կարմրածառ), ջրում չի փտում, արժեքավոր է, ամուր, կիրառվում է կահույքի արտադրության և ատաղձագործության մեջ։ Այն օգտագործում են նավերի ստորջրյա մասերը կառուցելիս, ինչպես նաև պատրաստում են ամենաթանկարժեք կահույքը: Կենու փայտը սպանում է նույնիսկ իր շրջապատի օդում գտնվող մանրէները: Եթե տանը գտնվում են կենու փայտից պատրաստված իրեր, ապա այնտեղ ապահովված է հիվանդածին մանրէների բացակայությունը:

Հայտնի է կենու մոտ 10 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում և Կովկասում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ հատապտղայինը, որն աճում է Տավուշի և Սյունիքի մարզերում: Սովորաբար կենու բարձրությունը՝ 10-20 մ է: Այդ ծառատեսակը հայտնի է իր երկարակեցությամբ:  Ապրում է 2-3 հազար տարի, աճում է խիստ դանդաղ, տարեկան մինչև 2-3 սմ, անտառի ստվերոտ, խոնավ ու տաք վայրերում, որտեղ հողը պարարտ է և հզոր: Կենին բազմանում է սերմերով և կտրոններով։ Ասեղնատերևները հերթադիր են՝ խիտ դասավորված երկու շարքով, մուգ կանաչ, ծառի վրա մնում են 5-8 տարի: Սեպտեմբերին կենու վրա առաջանում են վառ կարմիր, հյութալի հատապտղաձև պտուղներ: Կենին ամբողջությամբ թունավոր է (պարունակում է տաքսին), բացի պտուղներից: Որքան ծեր է ծառը, այնքան ավելի թունավոր է: Թունավորումը կարող է առաջանալ կենու ճյուղերը կտրատելիս, փայտը մշակելիս: Թունավորումից հետո մարդը մահանում է սրտի և շնչառության կանգից: Սակայն քիչ քանակությամբ օգտագործելով  պատրաստում են դեղորայք, որը կարող է բուժել որոշ սրտային հիվանդություններ: Մեծահասակների համար մահացու է 50-100 տերևից պատրաստած եփուկը: Ըստ ավանդույթի, հնում, երբ ուզում էին որևէ մեկին սպանել, գինի էին մատուցում կենու փայտից պատրաստված բաժակում: Զարմանալիորեն, կենու թույնը չի ազդում նապաստակների ու եղջերուների վրա, որոնք կարող են սնվել  կենու ճյուղերուվ: Հին ժամանակներից մինչև հիմա գեղարվեստական գրականության մեջ կենին հիշատակվում է որպես մահվան խորհրդանիշ:

 

Աղբյուրներ՝ Википедия, Հայկական Հանրագիտարան, ռուսական գրականություն

Ռուսերենից թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը:

Write a comment

Comments: 0