Մեր այցելությունը Տիեզերքի թանգարան

Չորեքշաբթի օրը 9-րդ դասարանցիներով և ֆիզիկայի ընտրության խմբով ընկեր Հասմիկի հետ գնացինք Տիեզերքի թանգարան: Այնտեղ մեզ համար դասախոսություններ էին պատրաստել պարոն Վահագն Գուրզադյանը և նրա գործընկերները: Ժամանակը անցավ շատ հետաքրքիր և տեղեկություններով լի: Սկզբից մեզ ծանոթացրեցին թանգարանի հետ: Այնտեղ ցուցադրված էին աստղադիտակներ, որոնք տեղադրված են եղել տիեզերանավերի վրա և ուղարկվել են տիեզերք, որպեսզի այնտեղից ուսումնասիրեն և նկարահանեն տիեզերական մարմինները և երևույթները: Իմացանք, որ Գիտությունների ակադեմիայի Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ պատրաստված «Օրիոն-1» և «Օրիոն-2» աստղաֆիզիկական աստղադիտակները նկարահանումներ են կատարել բաց Տիեզերքում: Կար մի գունդ, որի մեջ տեղադրված է եղել աստղադիտակը, և որը վայրէջք է կատարել երկրի վրա: Ճիշտ է՝ մթնոլորտի հետ շփման պատճառով այրվել է, բայց ոչ լրիվ, նրա վրա երևում են աստիճանաբար վառված մասերը: Կային աստղադիտակներ, որոնք տիեզերքից չէին վերադարձել, իսկ այնտեղ ցուցադրված էին նրանց կրկնօրինակները, որոնք պատրաստվել էին թռիչքից առաջ: Տեսանք նաև այն պարաշյուտը, որով վայրէջք են կատարում տիեզերանավերը: Պատերին փակցված էին սխեմաներ, որոնք ցույց էին տալիս տիեզերանավի կառուցվածքը և աստղադիտակների գտնվելու վայրը: Իմացանք նաև այլ տեղեկություններ տիեզերական մարմինների, հայտնի ֆիզիկոսների և տիեզերագնացների մասին:

Մեր դպրոցից բացի եկել էին նաև Գառնիի դպրոցի սաները իրենց ուսուցչուհու հետ: Դասախոսության վերջում պարոն Գուրզադյանը աստղագիտական խաղ կազմակերպեց: Մրցում էին երկու դպրոցները: Յուրաքանչյուր թիմից բոլոր հարցերին ճիշտ պատասխանած աշակերտը կստանար հնարավորություն հագնելու տիեզերագնացի գլխարկը, ով եղել է տիեզերքում: Հաղթեց մեր ընկեր Նորայր Գալիկյանը և <<ողջունեց մեզ տիեզերքից>>: Մենք բոլորս ուրախ էինք նրա համար, ի դեպ նրան շատ սազեց այդ գլխարկը:

Իմ կարծիքով մեր կատարած այցը հնարավորություն տվեց մեզ ծանոթանալ և նոր գիտելիքներ ձեռք բերել այն անծայրածիր աշխարհի՝ տիեզերքի մասին, որտեղ մենք ապրում ենք: 

Շնորհակալ ենք պարոն Գուրզադյանին և իր գործընկերներին այդ դասախոսության համար, և հուսով ենք նմանատիպ այցելությունները կշարունակվեն:

 

Write a comment

Comments: 0