Չորս անկրկնելի օրեր Լոռու մարզում

 

Հրաշալի անցավ Օձունում: Ես առաջին անգամ էի լինում Լոռու մարզում: Առաջինը որ տեսա Լոռի մարզ մտնելուց, դա 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով առաջացած ճեղքերն էին սարերի լանջերի վրա, որոնց շնորհիվ ես պատկերացում կազմեցի այդ բնական աղետի մասինՀետո տեսա մարզի իմ կարծիքով ամենաուշագրավ տեսարաններից մեկը՝ Դեբեդ գետի կիրճը: Այդ պահին հիշեցի Հ. Թումանյանի <<Լոռեցի Սաքոն>> պոեմը, և հասկացա թե ինչքան նման է նա նկարագրել Դեբեդի կիրճը:

<< Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․>>:

 

Օձունում մեզ հյուրընկալեց տիկին Մարիամը:

Առաջին վայրը, ուր ուղևորվեցինք, Քոբայրի վանքն էր: Այնտեղ հասնելը այդքան էլ հեշտ չէր, նախ պետք է մի փոքր արշավել, իսկ հետո նոր վայելել գեղեցիկ տեսարանը, որ բացվում է Քոբայրի վանքից: Ընկեր Սոնան մեզ պատմեց վանքի մասին: Իմացա, որ վանքը կառուցվել է 1171 թ.-ին Բագրատունիների կողմից: Վանքի զանգակատան կիսաքանդ պատին երևում էին վրացական մշակույթի նկարներ, իսկ ներգևում՝ վրացերեն արձանագրություն կար: Վանքի կողքի քարանձավներում հին ժամանակներում թշնամուց թաքցրել էին հայերեն գրքերը:

Քոբայր գյուղում շփվեցինք գյուղի բնակիչների հետ: Իմացանք, որ նրանք ունեն շատ հետաքրքիր ու անհասկանալի բարբառ, որը սակայն չեն օգտագործում:

Օձուն գյուղը բավականին մեծ գյուղ է, ասֆալտապատ ճանապարհներով, գեղեցիկ տներով, բազմազան խանութներով և բարեկարգ դպրոցներով: Գյուղի ամենամեծ եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը  կառուցվել է 6-րդ դարում: Այդ եկեղեցու պատմությունը մեզ պատմեց տեր Վրթանեսը և ցույց տվեց 4-րդ և 5-րդ դարի քանդակներն ու արևային ժամացույցը: Հետո մենք տեր Վրթանեսի հետ քննարկեցինք Հիսուսի առակները: Եկեղեցին ուներ բավականին լայն ու կանաչապատ բակ: Այնտեղ վրաններում մնում էին տարբեր մարզերից եկած երեխաներ: Մենք ընկերացանք նրանց հետ և խաղեր խաղացինք:

Հաջորդ օրը այցելեցինք Արդվիի Սբ. Հավհաննես վանքը: Վանքի կողքում է գտնվում Հովհաննես Օձնեցու գերեզմանը, իսկ մի փոքր այն կողմ՝ ժայռի վրա, գտնվում է <<Օձի պարտը>>: Ավանդությունը պատմում է, որ Սբ. Հովհաննեսը պատարագ անցկացնելիս է եղել, երբ գյուղի վրա հարձակվել է վիշապ և կերել գյուղի կանանցից մեկին: Նա հերթով ուղարկել է իր աշակերտներին, որ իմանան, թե ինչ է պատահել, սակայն ոչ ոք չի վերադարձել: Վերջում Սբ. Հովհաննեսը դուրս է եկել եկեղեցուց և վիշապին տեսնելուն պես հարվածել վիշապի գլխին իր գավազանով և ասել. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»։ Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է։ <<Օձի պորտը>> հենց այդ տեսքն էլ ունի. ժայռի մեջ երևում է քարացած օձի գլուխը և նրա մոտից հոսում է աղբյուր:

Մեր հետաքրքիր ճամփորդության հաջորդ կանգառն էր Սանահինի և Հաղպատի վանքերը: Վանքերի ճանապարհը անցում էր Դեբեդ գետի կողքով և այդտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի Ալավերդի քաղաքը: Անտառը կարծես գրկել էր քաղաքը:

Սանահինը գտնվում էր անտառի մեջ գողտրիկ անկյունում: Այն կառուցվել է Աշոտ Գ Ողորմած արքայի օրոք 966թ.-ին: Այնտեղ մենք տեսանք Զաքարյանների դամբարանը: Սանահին անվանումը ծագել է <<Սա նա հին (սա նրանից (Հաղպատից) հին է)>> նախադասությունից:

Հաղպատի վանքը գնտվում է բլրի լանջի վրա: Այն կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին: Եվ Սանահինի և Հաղպատի վանքերը եղել են դպրոցներ և գրադարաններ: Այնտեղ ուսուցանել են փիլիսոփայություն, աստվածաբանություն, հռետորություն, երաժշտություն, և այլն:

Սանահինի վանքը իմ ուշադրությունը գրավեց իր խորհրդավորությամբ, իսկ Հաղպատինը՝ գեղեցկությամբ:

Շարունակեցինք մեր գրական քննարկումները Հաղպատի կողքի մարգագետնում:

Երբ իմ ձեռքը խայթեց եղինջը, ինձ խորհուրդ տվեցին ձեռքիս դնել եզան լեզվի տերևը: Ես նկատեցի բնության մեջ մի հետաքրքիր օրինաչափություն. որտեղ որ աճում է եղինջ, նրա կողքին անպայման եզան լեզու կգտնեք: Բնությունը հոգ է տանում մեր մասին:

Մեր ճամփորդության չորրորդ և վերջին օրը այցելեցինք Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Թեպետ առաջին անգամ էի Դսեղում, սակայն զգացողություն ունեցա, որ այստեղ արդեն եղել եմ: Մի գուցե դա թումանյանական պոեմների շո՞ւնչն էր: Տեսնելով Հ. Թումանյանի սենյակները, ես պատկերացրեցի թե նա ինչպես է ապրել: Հ. Թումանյանի մասին ամեն ինչ հետաքրքիր է, թե ինչպիսի տանն է ապրել, ինչ իրերով է շրջապատված եղել, ինչ նախասիրություններ է ունեցել, և այլն:

Ուշագրավ էր Հ. Թումանյանի բրնձի հատիկից փոքր ոսկե դիմաքանդակը, որը պետք է նայել մանրադիտակով: Այն պատրաստել է քանդակագործ Էդուարդ Ղազարյանը:

Բազում տպավորություններով վերադարձանք տուն: Ասեմ նաև, որ ճամփորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, և ոչ միայն մեր դպրոցից: Նրանց հետ հաճույքով շփվում էի, խաղեր խաղում, և միչև հիմա էլ շարունակում եմ շփվել:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցչուհիներին՝ ընկեր Սոնային, տիկին Նոննային, ընկեր Էլլային, տան տիրուհուն՝ տիկին Մարիամին և մեր վարորդ ընկեր Արաիկին այդ չորս օրը հրաշալի կազմակերպելու, գիտելիքներով, տեսարժան վայրերով ու ուտելիքով լի անցկացնելու համար: Հուսով եմ այսպիսի ճամփորդություններ հաճախակի կլինեն:

Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

Write a comment

Comments: 2
  • #1

    Obat kuat untuk pria saat berhubungan intim (Tuesday, 22 November 2016 20:02)

    Thanks for your valuable information. It really gives me an insight on this topic. I'll visit here again for more information.

  • #2

    sex tel (Tuesday, 17 January 2017 18:09)

    podżartą