Այցելություն ռադիո֊օպտիկական աստղադիտարան

Շաբաթ օրը ֆիզիկայի ընտրությամբ խմբի և Ավագ դպրոցի սովորողներով ընկեր Հասմիկ Նալբանդյանի հետ և ընկեր Մանիկ Պողոսյանի հետ այցելեցինք Օրգովի ձորում գտնվող ռադիո֊օպտիկական աստղադիտարան։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում, Բյուրականի աստղադիտարանից ոչ հեռու։ Ատղադիտարանը ինձ առաջին հայացքից գրավեց իր բնությամբ։ Մաքուր օդ էր։  Աստղադիտարանը հրաշալի տեղ էր կառուցված՝ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Արարատյան դաշտը և Արարատ լեռը։ Ամենուրեք կարելի էր տեսնել մասրենիներ։ Մենք շատ մասուր հավաքեցինք։ 

Գրավիչ էր ռադիո֊օպտիկական աստղադիտակը․ այն ունի հսկայական ձագարի տեսք՝ 30 մ խորությամբ և 56 մ տրամագծով։ Աստղադիտակը կոչվում է ռադիո֊օպտիկական, որովհետև նրա ներսում տեղադրված է 2.6 մ տրամագծով հայելի։ Իմացանք, որ աստղադիտակը ժամանակին օգտագործել են, սակայն Պարիս Հերունու մահից հետո այն մատնվել է անգործության, ինչը շատ ցավալի է։ Ինչպես կարելի է այդպիսի հսկա աստղադիտակը, չօգտագործել։ Մի փոքր այն կողմ տեսանք նաև կիսակառույց վիճակում գտնվող ջերմոէլեկտրոկայանը։ 

Հետո այցելեցինք ձորի մյուս կողմում գտնվող Տեղեր եկեղեցին։ Այն կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կողմից 1213 թ․֊ին։ Եկեղեցին ամբողջությամբ մուգ գույնի քարից էր պատրաստված և շատ մեծ էր ու գրավիչ։ Մենք շրջեցինք նաև գյուղով, ընկույզ գնեցինք, հարցազրույց վերցրեցինք բնակիչներից։ Նրանցից իմացանք, որ մոտակայքում պեղումներ են անում, և կարող ենք գնալ այնտեղ։ Պեղում էին Արշակունիների և Արտաշեսյանների դինաստիաների թագավորների վերաթաղումները։ Ես երբևիցե պեղումներ տեսած չկայի, և շատ հետաքրքիր էր, թե դա ինչպես է արվում։ Այնտեղի գիտաշխատողներից մեկը՝ Ռոզա Հարությունյանը մեզ ծանոթացրեց դամբարանի և ընթացող աշխատանքի հետ։ Այնտեղ ամենուրեք կարելի էր տեսնել կմախքներ։ 

 Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր և տպավորիչ: Մեծ հաճույքով կրկին կայցելեի աստղադիտարան:

Write a comment

Comments: 0