<<Սասնա Ծռեր>> էպոսը

«Սասնա ծռեր»-ը մեր ազգային էպոսն է: Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ պետք է կարդա և իմանա մեր էպոսը: Այն սերնդեսերունդ փոխանցվել է և հասել մեզ: Ես նույնպես կարդացի մեր էպոսը և շատ տպավորվեցի:

«Սասնա ծռերը» բաղկացած է 4 ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»: 

Յուրաքանչյուր ճյուղ ուներ բազում ուսուցողական մասեր: Կերպարները բնորոշում էին հայ ժողովրդին:

Ուսուցանում է, որ պետք է լինել հնարամիտ: «Սանասար և Բաղդասար» ճյուղի մեջ Ծովինար արքայադուստրը հնարամիտ գտնվելով կարողանում է համոզել Բաղդադի խալիֆին չսպանել իրեն և որդիներին մինչև նրանց մեծանալը: Իսկ մեծանալուն պես Սանասարն ու Բաղդասարը սպանում են Խալիֆին, փախչում են, գալիս հայրենիք և հիմնում Սասունը:

Ուսուցանում է, որ պետք է լինենք քաջ և վստահենք մեր ուժերին: Մեծ Մհերը չվախեցավ ո՛չ առյուծից, ո՛չ էլ սպիտակ դևից և կարողացավ հաղթել նրանց: 

Պետք է կատարենք մեր խոստումները, ինչ գնով էլ լինի: Մեծ Մհերը խոսք էր տվել Մելիքին, որ եթե ավելի երկար ապրի, պետք է տիրություն անի նրա ընտանիքին: Մհերը կատարեց իր խոստումը, իսկ Մելիքի կինը՝ Իսմիլ Խաթունը, օգտվելով առիթից 7 տարի նրան արբեցնում է թունդ գինով և տղա է ունենում Մհերից: 

Ուսուցանում է, որ պետք է ներողամիտ լինել: Մհերի կինը՝ Արմաղանը, ներում է Մհերին, երբ նա, գիտակցելով իր սխալը, վերադառնում է Սասուն: 

Պետք է լինել ազնիվ: Սասունցի Դավիթը ազնիվ էր: Մսրա Մելիքի զորքի վրա հարձակվելուց առաջ նա զգուշացրեց, որպեսզի զինվորներն արթնան և պատրաստվեն մարտին: Թողեց, որ Մելիքը առաջինը զարկի իրեն: Նա նաև բարի էր, երկու զարկ բաշխեց Մելիքի մորը և քրոջը:

Պետք է լինել հայրենասեր: Բոլոր հերոսները հայրենասեր էին, ամեն ինչ անում էին իրենց հայրենիքի համար՝ շենացնում էին այն, պայքարում էին թշնամու դեմ և ազատում էին երկիրը հարկերից, չէին ենթարկվում թշնամուն, սիրում էին իրենց ժողովրդին:

Եվ այդ ամենի հետ մեկ տեղ նաև մի քիչ խենթ էին։ Իզուր չէ, որ նրանց անվանում են ծռեր: 

 

 

Write a comment

Comments: 0