Սաթենիկ թագուհի

Սաթենիկը (ք.ա. 3-2 րդ դար) Ալանների արքայի դուստրն է: Ալանները սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզու ցեղեր էին, այժմյան օսերի նախնիները: Ք.ա. 1-ին դարում  ալանական ռազմատենչ ցեղերը Հյուսիսային Կովկասում հիմնել էին հզոր թագավորություն, որտեղից հաճախ կողոպտչական արշավանքներ էին կատարումդեպի Վիրք, Աղվանք, Մեծ Հայք, Պարթևաստան, Փոքր Ասիա և Հռոմեական կայսրության շրջանները։

 

Այս նույն ժամանակ ալանները, կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ: Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը Ա-ն հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի: Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին: Գետը դառնում է թշնամի երկու բանաների սահմանաբաժանը: 

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը: Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ՝ խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը: Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը՝ ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և, տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել: Իսկույն կանչում է իր դայակ Սմբատ Բագրատունուն, նրան հայտնում իր սրտի փափագը: Միաժամանակ նա Սմբատիկ հայտնում է, որ, կին առնելով ալանների արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի: 

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնություն տալ Արտաշեսին:

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն:

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները՝ այնժամ.

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում: Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում: Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափվում: Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են հետևյալ ձևով.

Ոսկի անձրև էր տեղում 

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում 

Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը: Սաթենիկից ծնվում է Արտավազդ Ա-ն և Տիգրան Ա-ն: 

 

 

Օգտվել եմ Սարգիս Հարությունյանի <<Հայ հին վիպաշխարհը>> գրքից, Հայկական Հանրագիտարանից և Վիքիպեդիայից: 

Write a comment

Comments: 0