Հայոց ցեղասպանություն

...Որոշումը վաղուց էր տրված: 1910թ. օգոստոսի 6-ին Թալեաթը մի պատմական ճառով երևան էր բերել երիտթուրքերի սկզբունքները ոչ իսլամ ժողովուրդների մասին ու հայտարարել, թե շարիաթը (իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու) մերժում է հավասարության կարելիությունը իսլամի և ոչ իսլամի միջև, այդպիսի հավասարություն չի կարող լինել: Ոչ իսլամ ժողովուրդների հարցը լուծելու համար երիտթուրքերի ծայրահեղ ազգայնականներն առաջարկում էին ամբողջովին իրենց ձեռքը վերցնել կայսրության ղեկը և օգտագործել բոլոր միջոցները՝ նաև զինվորական ուժը...

 

Հայերի ցեղասպանության պատճառները

Այսպիսով՝ հայերի ցեղասպանության գաղափարական ակունքները գնում են դեպի դարերի խորքը, իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը թուրքերի կողմից Հայաստանում սեփական հայրենիքի ստեղծման նպատակն էր՝ այն հայազրկելու ճանապարհով: Թուրքիան ուզում էր ստեղծել պետություն, որը իր մեջ ներառում էր նաև Արևմտյան և Երևելյան Հայաստանը:

Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. չկան հայեր, հետևաբար, չկա նաև Հայկական հարց. այս էր Հայկական հարցի լուծման թուրքական եղանակի էությունը:

Ցեղասպանության մյուս պատճառը ծավալապաշտական և հետադիմական պանթուրքիզմի վարդապետությունն էր:

Եվ, վերջապես, ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատները, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ, կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ կատարել: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստություններին, տնտեսական կարողություններին:

Հայերի ցեղասպանության համար մեղավոր են ոչ միայն Թուրքիան և Եվրոպան, այլ նաև Ռուսաստանը, որը ուզում էր Հայաստանը տեսնել առանց Հայերի, և հրեաները, որոնք իրենց ազգային պետություն ստեղծելու խնդրի լուծման համար օժանդակեցին երիտթուրքերին:

 

Հայ քաղաքական ուժերի, գործիչների կողմից թույլ տրված սխալները

Մինչեւ XVIII դարի վերջըհայ հասարակության վերնախավը ճակատագրական ընտրություն կատարեց. դարերով կուտակված էներգիան և կարողություններն ուղղեց ներս՝ առանցքային դարձնելով ներազգային դաշտում ազդեցության ոլորտների վերաբաժանման խնդիրը, և ոչ թե դուրս՝ Օսմանյան կայսրությունից անկախ ազգային պետականության ստեղծման քաղաքական-դիվանագիտական նախապատրաստությանը: Այս ընտրության հետևանքն էր ազգային շարժման մեջ առաջնայնության համար միջկուսակցական անպտուղ պայքարը:  

Հայ ավանդական կուսակցություններն իրար լրացնելով խռովություններ էին կազմակերպում՝ գրավելու համար Եվրոպայի ուշադրությունը, սուլթան Աբդուլ-Համիդն էլ  ի պատասխան կոտորում էր հազարավոր անմեղ հայերի: Այս առումով իրենց անիմաստությամբ հատկապես աչքի ընկան հնչակյանների կազմակերպած Գում-Գափուի ցույցը (1890) և ՀՅԴ-ի կազմակերպած Բանկ-Օտոմանի գրավումը(1896): Երկուսն էլ հազարավոր հայ անմեղ զոհերի պատճառ դարձան:

Հայոց ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունն էն գլխից հետադիմական էր և իր էության մեջ սխալական: Թե արմենականները, թե հնչակյանները, և թե հատկապես դաշնակցականները շեշտը դնում էին հայդուկային-ֆիդայական պայքարի և Եվրոպայի պաշտամունքի վրա:

ՀՅԴ-ին հաջողվեց աստիճանաբար իր ձեռքն առնել ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Դա արվեց քաղաքական բազմազանության ոչնչացման, քաղաքական այլընտրանքի բացառման, հանրությունում քաղաքական քննարկումների և այլախոհության արմատախիլ արման ճանապարհով:

Հայերի ազգային-ազատագրական պայքարում էն գլխից չկար հարեւան ազգերի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության գիտակցում, չկար սեփական շահերն ընդհանուր շահերի համապատկերում տեսնելու ցանկություն, ավելին՝ չկային առկա շահերի ուսումնասիրություններ ու լուրջ վերլուծություններ առ այն, թե ինչպես կարելի է գոնե չեզոքացնել հակադիր շահերից բխող վտանգները:

 

Հայոց ցեղասպանության փուլերը

Հայ զինվորների զինաթափումը, որի մասին հրամանն արձակվեց 1915թ. փետրվարին, ցեղասպանության առաջին փուլն էր: Բանակի հայ զինվորներին զատում էին ու զինաթափում: Ապա տեղնուտեղը գնդակահարում էին կամ <<ամելե թաբուրի>> կոչված աշխատանքի վաշտեր էին կազմում նրանցից: Ստիպում էին կատարել տաժանակիր աշխատանք (դրա մեջ նաև ռազմական ծանր գործիքներն ու ռազմամթերքը մեծքին տեղափոխելը), որից հետո գնդակահարում կամ սովամահ էին անում:

Զինաթափումը միայն զինվորների համար չէր: Հրաման կար նաև զինաթափել ամբողջ հայ բնակչությանը, որ կատարվեց անպատմելի վայրագությամբ, որպես ցեղասպանության երկրորդ փուլ: Հայերը պարտավոր էին հանձնել բոլոր զենքերը՝ որսի հրացանից մինչև ատրճանակ ու նույնիսկ դանակ: Իհարկե, գտնվեցին հայեր, որոնք կարողացան զենքերը թաքցնել ու չհանձնել՝ հասկանալով զինաթափման հրամանի իմաստը ու նախատեսելով, որ աղետ և խառնակություն պիտի լինի: Նրանք հույս ունեին, որ կկարողանան այդ զենքով իրենց տունն ու ընտանիքը պաշտպանել: Զենք չհանձնելու դեպքում սոսկալի չարչարանք էր սպասվում զոհին:

Ամբողջ երկրում, մանավանդ Կ. Պոլսում և Իզմիրում ծայր առած ձերբակալուություններով սկսվեց ցեղասպանության երրորդ փուլը: Կառավարությունը ձերբակալում էր մտավորականների, աշխարհիկ ու կրոնական ղեկավարների և քաղաքական գործիչների: Միայն 1915 թ. ապրիլի 23-24-ի ընթացքում շուրջ 600 հայեր ձերբակալվեցին և, երկրի խորքերը քշվելով, շարշարանքներով սպանվեցին: Այդ պատճառով է, որ հայ ժողովուրդն ապրիլի 24-ն է ընտրել որպես Մեծ Եղեռնի հիշատակի օր:

Ոչնչացված էր մտավորականությունը, ժողովրդի ղեկավարությունը: Մնացել էին մեծ մասամբ կանայք, երեխաներ ու ծերեր: Դյուրին էր այլևս նրանց բնաջնջումը, որ կատարվեց 1915թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին: Եվ դա ցեղասպանության վերջին փուլն էր: Հրաման էր տրվել բոլոր շրջանների թուրք կառավարիչներին՝ շրջանը մաքրել հայերից: Շատերն այդ հրամանին ընդառաջել էին ու գործադրել անմիջապես, ուրիշները կատարել էին դժկամությամբ, իսկ հրամանը չկատարողները պաշտոնից հեռացվում և փոխարինվում էին ավելի խիստ կառավարիչներով:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը

Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),

Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),

Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),

Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),

Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),

Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),

Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),

Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),

Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),

Վատիկան (2000 թ-ին),

Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),

Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),

Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),

Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),

Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),

ԱՄՆ (2007 և 2010 թթ-ին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ):

 

Ցեղասպանության ներգործությունը սերունդների վրա

Անհատի հոգեցնցումը անհատով չի սահմանափակվում, փոխանցվում է ընտանիքի անդամներին, շրջապատին: Իսկ եթե մի ամբողջ ժողովուրդ է հոգեցնցման ենթարկվում, ցավն ու տառապանքը անցնում են սերնդից սերունդ` հաճախ արտահայտվում վրեժի պոռթկումով: Այդ պատճառով ցեղասպանության երրորդ սերնդից շատերը չեն կարողանում թոթափել ցավը, տխրությունը, զայրույթը: Նրանք հանցավոր զգացողություն են ունենում, երբ իրենց հարազատները պատմում են ցեղասպանության դառնությունների մասին: Եվ այդ ամենը նրանց կողմից ուղեկցվում է արդարության և վրեժի պայքարով: Սերնդից սերունդ հաղորդվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում, որը նրան դարձնում է դյուրազգաց սեփական ազգային արժանապատվության նկատմամբ ամեն մի ոտնձգության, իր իրավունքների ամեն մի ոտնահարման հանդեպ։ Միաժամանակ ժողովրդի պատմական հիշողությունը, մասնավորապես կապված հայերի ցեղասպանության իրադարձությունների հետ, նպաստեց հայերի ազգային համախմբման գործընթացին, իրենց ինքնությունը պահպանելու, սոցիալ-տնտեսական ոլորտներում և հոգևոր կյանքում վերականգնման ու ինքնահաստատման հասնելու նրանց ձգտմանը, ինչը հատկապես դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ:

Մարդկային կարեկցանքը, բարոյական ու նյութական օգնությունը, հայանպաստ ելույթները, միջազգային օրենսդրության նորմերի գործադրումը թուրք ջարդարարների նկատմամբ ոչ միայն մարդասիրական զգացմունքների դրսևորում էին, այլև նպաստեցին հայերի գիտակցության մեջ այն համոզմունքի ձևավորմանը, որ հայ ժողովրդի ճակատագիրը, Հայկական հարցը պետք Է պահել միջազգային հարաբերությունների ոլորտում, պետք է գտնել արդարացի լուծում:

 

Ինչ կտա մեզ Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իմ կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից նախ և առաջ բարոյական խնդիր է, այն կլինի բարոյական փոխհատուցում հայերի համար և կբերի հոգեկան բավարարվածություն: Թուրքիան կփոխհատուցի խոշոր գումարի տեսքով, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կփոքրնա արտագաղթի թիվը: Կբացվի հայ-թուրքական սահմանը, որը նույնպես կնպաստի տնտեսության զարգացմանը: Հայաստանը կնկնի հզոր պետություն դառնալու ճանապարհին: Կլուծվեն բազում հարցեր, օրինակ Ղարաբաղը կմիանա Հայաստանին կամ գոնե կլինի անկախ պետություն: Սակայն, իմ կարծիքով հայկական հարցը այդպես էլ չի լուծվի, Թուրքիան չի ճանաչի ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան կկրի ահռելի մեծ կորուստներ, բայցի այդ մյուս երկրները կկորցնեն Թուրքիայի վրա ազդելու միջոցը:  Եթե հայերի համար Հայկական հարցը անկախ պետականության վերականգնման խնդիր էր, ապա եվրոպական տերությունների համար այն դիվանագիտական խաղերի մանրադրամ էր, Թուրքիայի ներքին գործերին միջամտելու և նրանից նոր զիջումներ կորզելու միջոջ: Բացի այդ հիմա Հայաստանը հզոր պետություն չէ, և չի կարող մեծ դեր խաղալ հարցի լուծման համար: Հայաստանը պետք է հզորանա և խելամիտ դիվանագիտության միջոցով բարձրացնի Հայկական հարցը, և այս անգամ արդեն մյուս պետությունները չեն կարող հետաձգել հարցի լուծումը: Սակայն ելնելով Հայաստանի ներկայիս վիճակից, Հայկական հարցը մոտ ապագայում չի լուծվի: Մեզ մնում է միայն չդադարել պայքարել ամեն կերպ: Աշխատել չարտագաղթել Հայաստանից, պայքարել մեր իրավունքների համար, հայ ընտանիքները ունենան շատ երեխաներ, ներկա լինեն Ծիծեռնակաբերդում եվ նույնիսկ համացանց և սոցիալական ցանցեր ապրիլի 24-ի ներկայիս իրադարձությունների նկարներ տեղադրելով, որ բոլորը տեսնեն, որ հայերը չեն մոռացել իրենց պատմությունը և պայքարելու են ինչքան էլ որ պահանջվի:

 

 

…Հիշենք գերմանական Ֆաշիզմին, որը հռչակել էր գերմանացիներին թվապես մի քանի անգամ գերակշռող սլավոնական ժողովուրդներին բնաջնջելու անհրաժեշտությունը: Հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունը քաջալերեց Ադոլֆ Հիտլերին՝ սլավոնների, հրեաների, գնչուների և այլ ազգությունների ոչնչացումն իրագործելիս: 1939թ. Հիտլերը, հիմնավորելով հրեա և սլավոնական ժողովուրդների ոչնչացման անհրաժեշտությունը, ցինիկաբար հայտարարում էր, թե մեր ժամանակներում այլևս ո՞վ է հիշում Թուրքիայում հայերի կոտորածների մասին: Սա մարտահրավեր էր մարդկության հիշողությանը և վկայությունն այն ճշմարտության, որ պատմության դասերը մոռանալը միշտ էլ թանկ գին է պահանջում ժողովուրդներից:

 

 

Աղբյուրներ՝

 

1.      Ռուբինա Փիրումյան <<Հայկական հարցի պատմություն 9>>, Երևան 2000

2.      <<Հայոց պատմություն. հիմնահարցեր. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը>>, խմբագիր պրոֆ. Հր. Ռ. Սիմոնյան, Երևան 2000

3.      Գեղամ Բաղդասարյան <<Մեծ Եղեռն. Մեծ դաս>>

4.      Տիգրան Հայրապետյան <<Մի հայտարարված ցեղասպանության պատմություն>>

5.      Հ. Թութունջյան <<Ցեղասպանության հոգեբանական հետևանքները>>

6.      <<Հայոց ցեղասպանություն>> Հայկական հանրագիտարան

 

 

Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

Write a comment

Comments: 0