Ես ու գրադարանը

Երբ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, գրադարան այցելում էի միայն դասագրքեր վերցնելու համար: Բայց շուտով ցանկություն առաջացավ լինելու այն սովորողներից մեկը, ովքեր դասերից հետո գրադարանի ընթերցասրահում գիրք են ընթերցում: Ընկերներիս խորհրդով մեր գրադարանից առաջին կարդացած գիրքը եղավ Ռ.Ջ. Պալացիոյի «Հրաշքը», որը շատ հավանեցի և ավելի ոգևորվեցի։ Շարունակեցի Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» գրքով: Ոչ մի այլ դպրոցի գրադարանում ժամանակակից գրականությանը ծանոթանալու այսպիսի լայն հնարավորություն չկար: Դա մեր գրադարանի առավելություններից է: Գիրք ընտրել ինձ օգնում էին գրադարանի աշխատակիցները: Ամռանը, երբ եկա գրադարան, նրանք առաջարկեցին աշխատել գրադարանում: Սկզբից համաձայնեցի ուղղակի զբաղվելու համար՝ չպատկերացնելով, որ գրադարանը կարող է դառնալ իմ երկրորդ տունը: Շատ պատասխանատու գործ էի անում՝ կատալոգավորում էի անգլերեն գրքերն ըստ ժանրերի: Եթե գիրքը հայտնվեր ոչ իր «դարակում», նրան ոչ ոք չէր գտնի և նա կմոռացվեր: Այդ ընթացքում սկսեցի կարդալ անգլերեն գրքեր: Նաև պարզեցի, որ գրադարանում ունենք ֆիզիկային վերաբերվող շատ գրքեր, որոնք սկսեցի օգտագործել ֆիզիկայի դասերի ժամանակ:

Հետո սկսեցի սկանավորել գրքերը: Դա նույնպես շատ պատասխանատու և կարևոր գործ էր: Գրադարանի կայքի շնորհիվ ևս մի քանի գրքեր դարձան հասանելի հանրությանը: Գիրքը նույնպես ունի իր հոգին, և վիրավորվում է, երբ նրա հետ անփույթ են վերաբերվում: Սիրեցի գրքերի աշխարհը: Գրքերը կարծես մարդիկ են, որոնց հետ կարելի է ընկերություն անել, խոսել, հակաճառել, վիճել... Գրադարանում աշխատելիս ծանոթացա նաև գրադարանավարների աշխատանքին: Շատ եմ ուրախանում, երբ գրադարանը համալրվում է նոր գրքերով: Շտապում եմ ուսումնասիրել դրանք: Գրադարանի աշխատակիցները խնամքով մշակում են ամեն մի գիրք և գրանցում մատյանում, իսկ ես կատալոգավորում եմ գրադարանի կայքում: Մեր գրադարանն ունի մոտ 8 հազար գիրք: 

Բացի այդ՝ գրադարանում կազմակերպել ենք բազում հանդիպումներ ժամանակակից գրողների և խմբագիրների հետ, ծանոթացել ենք նրանց հետ, հղել նրանց մեզ հետաքրքրող հարցերը: Այդ հանդիպումներից էին «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանի, արձակագիր Գրիգի հետ հանդիպումները:

Կազմակերպել ենք նաև գրքի շուրջ քննարկումներ, օրինակ վերջերս քննարկեցինք Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»:

Շնորհակալություն եմ հայտնում տիկին Մարիին ու տիկին Նոննային ինձ գրադարանի աշխարհ ներառելու համար: 

 

 Ռեպորտաժ գրադարանի մասին

Write a comment

Comments: 0