Ատամների խնամքը

 
Անհերքելի է ատամների կարևոր դերն ու նշանակությունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Հարցը միայն այն չէ, որ բնականոն աճած և առողջ վիճակում գտնվող ատամները որոշակիորեն ապահովում են մարդու վայելուչ տեսքը և նորմալ խոսակցական ակտը: Սննդի մշակման և մարսման գործընթացն անհնարին է առանց դրանց: Ատամների հիվանդությունները բացասաբար են անդրադառնում որոշ օրգան-համակարգերի գործունեության վրա:
 

Հնագույն ժամանակներից սկսած մարդկային հասարակության զարգացմանը համընթաց կատարելագործվել են ատամների խնամքի և դրանց արտաքին տեսքի բարելավման, հիվանդությունների կանխարգելման ձևերն ու եղանակները:

 

Սխալ և վատ խնամվող, առավել ևս բոլորովին անուշադրության մատնված ատամների մակերեսին ատամնափառ է գոյանում, որը բաղկացած է լինում թքի մեջ պարունակվող լորձից, աղերից, ինչպես նաև սննդանյութերի մնացորդներից ու մանրէներից: Մաքրման տարբեր միջոցներով ատամնափառը հեռացնելուց հետո այն 2-6 ժամը մեկ նորից է գոյանում: Երկար ժամանակ պահպանվելով` ատամնափառը ենթարկվում է ինչպես մեխանիկական, այնպես էլ քիմիական փոփոխության` աստիճանաբար վերածվելով ատամնաքարերի: Վերջիններս տարբեր աստիճանի հանքայնացված զանգվածներ են` կազմված օրգանական (10-30%) և անօրգանական (70-90%) նյութերից, ունեն կարծր խտություն և ատամից ավելի մուգ գույն, ամուր կպչում են ատամների հիմնականում հետին մակերեսին: Դրանք տեղակայվում են ատամների ոչ միայն ազատ` վերլնդային հատվածներում, այլև լինդ-ատամնային գրպանիկներում, մեխանիկորեն գրգռում են հարևան հյուսվածքներին, նպաստում դրանց բորբոքմանը (պարադոնտիտ), ատամների շարժվելուն և կորստին:

 

 

Ատամների և բերանի լորձաթաղանթի վատ խնամքի հետևանք է նաև կարիեսը, որն ատամների բակտերային հիվանդություն է և արտահայտվում է դրանց հյուսվածքի քայքայումով. ընդունած սննդի մնացորդները, երկար ժամանակ չհեռացվելով ատամների մակերեսից, միջատամնային ճեղքերից, նպաստավոր միջավայր են դառնում բերանի խոռոչում գտնվող մանրէների համար: Դրանք բազմանալով` արտադրում են տարբեր թթուներ, որոնք նախ տեղ-տեղ քայքայում են ատամների արծնը, ապա նրա ստորադաս ատամնային հյուսվածքը` հանգեցնելով խոռոչի գոյացման: Երբ քայքայման գործընթացը հասնում է ատամի նյարդին` հիվանդությունն ուղեկցվում է ցավերով, որոնք կարող են անտանելի դառնալ: Եթե կարիեսը նախնական փուլում չի հայտնաբերվում և ժամանակին չի բուժվում, ատամը ոչ միշտ է հաջողվում փրկել: Բացի այդ` կարող են առաջանալ ավելի լուրջ բարդություններ, այդ թվում` օրգանիզմի ինքնաթունավորում:

 

Այստեղից հետևում է, որ ատամները պահանջում են ամենօրյա հետևողական խնամք: Նախ անհրաժեշտ է դրանք մաքրել համապատասխան խոզանակով և մածուկով ինչպես առավոտյան` լվացվելիս, այնպես ուշ երեկոյան` քնելուց առաջ: Ըստ որում` մածուկով խոզանակը պետք է հորիզոնական և ուղղահայաց շարժումներով շփել ատամնաշարերի ինչպես առաջային ու հետին, այնպես էլ միմյանց շփվող մակերեսներին: Այդպես միջատամնային ճեղքերը լավ են մաքրվում: Այնուհետև պետք է բերանը ողողել ջրով (ցանկալի է գոլ)` ատամի մածուկի մնացորդները հեռացնելու համար: 

 

Օրվա ընթացքում յուրաքանչյուր անգամ սնվելուց հետո նույնպես չպետք է մոռանալ բերանը ողողել սովորական կամ հանքային ջրով կամ որոշ բույսերի (թեյի, վարդի, ուրցի, երիցուկի) թուրմերով: Օգտակար է նաև շաքար չպարունակող ծամոնը: Առանձին դեպքերում, մասնավորապես` մսով ճաշատեսակ ուտելուց հետո, կարիք է լինում ձողիկներ օգտագործել: Սակայն պետք է խուսափել պատահական տեղերից վերցրած ձողիկներից (ծառերի ճյուղեր, լուցկու հատիկներ, բույսերի ցողուններ, ձկան փշեր և այլն), քանի որ դրանց մակերեսին գտնվող զանազան մանրէները, վիրուսները, սնկերը ախտահարում են ինչպես լնդերը, այնպես էլ ատամները: Եվ, ընդհանրապես, ձողիկները` թեկուզ հատուկ պատրաստված, կոպտորեն հրվելով ատամների արանքը, տեղաշարժում են վերջիններիս, քերում դրանց և լնդերի մակերեսը, երբեմն անգամ արյունահոսություն առաջացնում: Այս տեսակետից ավելի հարմար է ֆլոսը (հատուկ թել բռնիչով կամ առանց դրա): Օգտագործվում են նաև սուպերֆլոսներ, որոնց թելի մակերեսը ծածկված է սպունգի նուրբ շերտով, որի շնորհիվ ատամներն ավելի լավ են մաքրվում: Ֆլոսը պետք է անցկացնել միջատամնային ճեղքի մեջ, սղոցաձև շարժումներով սահեցնել ատամների միմյանց դարձած մակերեսով` առջևից հետ և վերից վար կամ հակառակը:

 

Ֆլոսը հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել ատամների մինչ այդ չնկատված վնասվածքները` ատամնաքարեր, կարիես, ուշադրություն դարձնելով թելի ոչ սահուն շարժմանը կամ նրա կտրվելուն:

 

Անհրաժեշտ է առավելագույնս խուսափել այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են ատամներով ընկույզ կամ պնդուկ կոտրելը, քնելուց առաջ կոնֆետ կամ քաղցրավենիք ուտելը, քաղցր հյութեր խմելը և այլն: Ատամի արծնի «թշնամիներից» են նաև թթու սննդանյութերը, եթե դրանք ուտելուց հետո բերանը չի ողողվում կամ չեզոքացնող ծամոն չի օգտագործվում:

 

Լավ խնամված և առողջ ատամներն ապահովում են օրգանիզնի բնականոն գործունեությունը, իսկ տիրոջը պարգևում գեղեցիկ ժպիտ:

Write a comment

Comments: 0